Գլխավոր

Ինչ լաբորատոր հետազոտություններ անցնել՝  գնահատելու առողջական վիճակը

Աշնանը եղանակի և ջերմաստիճանի փոփոխությունները, ինչպես նաև շնչառական վարակների ակտիվացումը կարող են անդրադառնալ օրգանիզմի ընդհանուր վիճակի և կենսական ռիթմի վրա։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնագետ Աստղիկ Հարությունյանը ներկայացնում է մի շարք պարզ և կարևոր հետազոտություններ, որոնք կարող են օգնել գնահատել առողջական վիճակը և ժամանակին հայտնաբերել որոշ խնդիրներ։

1. Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ)

Ամենատարածված և կարևոր հետազոտություններից է, որն օգնում է գնահատել օրգանիզմի ընդհանուր վիճակը և հայտնաբերել մի շարք շեղումներ, այդ թվում՝ բորբոքային գործընթացների և սակավարյունության հնարավոր նշաններ։

2. Միկրոէլեմենտների հետազոտություն

▫️ Երկաթ (Fe) – կարևոր է երկաթի պակասի և սակավարյունության գնահատման համար։

▫️ Մագնեզիում (Mg) և կալցիում (Ca) – կարևոր դեր ունեն նյարդային և մկանային համակարգերի, ինչպես նաև սրտի բնականոն աշխատանքի համար։

 3. Վիտամինների հետազոտություն

Վիտամին D, B12 և ֆոլաթթու․ դրանց պակասը կարող է ուղեկցվել հոգնածությամբ, թուլությամբ և այլ գանգատներով։ Անհրաժեշտության դեպքում հետազոտությունը թույլ է տալիս գնահատել օրգանիզմում դրանց մակարդակը։

 4. Ֆերիտին

Ֆերիտինը օրգանիզմում երկաթի պահեստների կարևոր ցուցանիշ է։ Երկաթի պակասը կարող է առաջացնել մշտական հոգնածություն և անբացատրելի թուլություն՝ երբեմն նույնիսկ այն դեպքում, երբ արյան ընդհանուր քննության ցուցանիշները դեռևս նորմայի սահմաններում են։

Առողջության նկատմամբ հոգատարությունը սկսվում է ժամանակին ուշադրությունից։ Հետազոտությունների անհրաժեշտությունը և դրանց ցանկը ցանկալի է որոշել բժշկի խորհրդով՝ հաշվի առնելով գանգատներն ու առողջական ընդհանուր վիճակը։

×
facebook sharing button facebook